ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Reuters-ի հոդվածն անհեթեթություն է. Բագրատ Ասատրյան

21.08.2012

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, մեկնաբանելով Reuters գործակալության՝ Իրանի միջուկային նպատակներով փողերի լվացման մեջ Հայաստանին մեղադրող հոդվածը,  Lurer.com-ին ասաց. «Հայաստանը համարվում է միջազգային հանրության անդամ և հետևում է այն կանոնակարգերին, որոնք սահմանում է միջազգային հանրությունը: Reuters-ի հոդվածն ուղղակի անհեթեթություն է, բանսարկություն, ՀՀ տարածքում գործող կոնկրետ բանկերի՝ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ»-ի և «Մելլաթ»-ի հասցեին անհիմն մեղադրանք է»:

Հիշեցնենք՝ Reuters-ի վերլուծաբանը գրել էր, թե Հայաստանը, որը առևտրային կապեր ունի Իրանի հետ և աշխատում է սերտ կապեր ստեղծել Եվրոպական միության հետ, կարող է Թեհրանի համար դյուրացնել օտարերկրյա հաճախորդներից ստացվող և նրանց արվող վճարումները թաքցնելու, Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը կանխել փորձող արևմտյան հետախուզական ծառայություններին խաբելու գործընթացը:

«Բանկ ասվածը միջազգային հաստատություն է, և Հայաստան-Իրան բանկային փոխհարաբերությունները երկու երկրների միջև ինչ-որ գազի խողովակ չեն: Ամբողջ աշխարհի բանկային համակարգերը միմյանց հետ փոխկապակցված են: Ուստի, եթե Իրանից հայկական բանկեր դրամական հոսքեր են գալիս, ապա դա կարող է իրականանալ միայն ու միայն ամերիկյան կամ եվրոպական բանկերի միջոցով, քանի որ դրամական հոսքերը կլինեն դոլարով և եվրոյով, ինչն առանց երրորդ մասնակցի ուղղակի չի կարող տեղի ունենալ, հնարավոր չէ:

Կարծում եմ՝ հոդվածն ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում, և ՀՀ իշխանություններն ու Կենտրոնական բանկը պարտավոր են անմիջապես արձագանքել այս բանսարկությանը. խոսքը մեր երկրի հեղինակության մասին է:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրատնտեսական շրջանառության մեծ չափերին, ապա դա նորմալ երևույթ է, քանի որ Իրանը, չնայած իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, շարունակում է ընդլայնել տարբեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունները, և ոչ ոք իրավունք չունի Իրանին արգելել դա, եթե իհարկե խոսքը հատուկ նշանակության միջոցների (ռազմական և ռազմավարական միջոցներ և այլն) նկատմամբ սահմանափակումների մասին չէ»:

Թե ինչու է Reuters-ը նման հոդված հրապարակել, Բագրատ Ասատրյանը դժվարացավ ասել, բայց նշեց, որ իր համար հստակ է՝ դա անհիմն մեղադրանք է և ԿԲ-ի ու իշխանությունների խնդիրն է արագ արձագանքել ու պարզել, թե ով է կանգնած դրա հետևում և ինչ նպատակ են հետապնդում:

«Նույնիսկ իրանահայերն ու սիրիահայերը վերջերս Հայաստանում հաշիվներ բացելու հետ խնդիրներ ունեցան, ինչն ինքնին բացառում է վերոնշյալ նյութում նշված մեղադրանքների՝ իրականությանը համապատասխանելը: Ինչպե՞ս կարող են հայկական բանկերի և Իրանի միջև կապեր լինել, եթե նույնիսկ մեր հայրենակիցներն են խնդրի առջև կանգնում՝ բանկերում հաշիվներ բացելիս»,-ասաց ԿԲ նախկին նախագահը:

Lurer.com-ը ստացել է նաև «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի պատասխանը, որով բանկի ղեկավարությունը վերահաստատում է Reuters-ին տրված պատասխանը, այն է՝ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկը որևէ առնչություն չի ունեցել և չունի Իրանի հետ:

Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ստացվեց ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական արձագանքը, որում մասնավորապես ասվում է. ««Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն Հայաստանում գործում է դեռևս 1996թ.-ից, բանկի հաճախորդները հիմնականում Իրան-Հայաստան առևտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր և միջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ: Բանկի գործառույթները և ակտիվների մեծությունը վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ նվազել են (բանկի ակտիվները 2010թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2012թ.-ի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում նվազել են ավելի քան 2 անգամ՝ 88 մլն ԱՄՆ դոլարից կազմելով 40 մլն ԱՄՆ դոլար). բանկը չունի որևէ թղթակցային հաշիվ ինչպես եվրոպական և ամերիկյան բանկերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի հետ:

Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերը, չունեն թղթակցային հարաբերություններ նաև Իրանում գրանցված բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ»:

Հավելենք, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը առհասարակ չցանկացան պատասխանել Reuters-ի մեղադրանքին:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x