ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բացասական հետևանքները

01.07.2015

Սույն թվականի հունիսի 17-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, համաձայն որի 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.93 դրամով: Այդ որոշման կայացմանը հաջորդեցին բավականին բուռն քննարկումներ վերջինիս հիմնավորվածության և արդարացված լինելու վերաբերյալ: Սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքները մանրամասն վերլուծության չարժանացան: Որոշումը կայացվեց առանց հաշվի առնելու սակագնի բարձրացման սոցիալական հետևանքները և դրանց ազդեցությունը բնակչության տարբեր խմբերի սոցիալական վիճակի և ողջ հասարակության կենսագործունեության վրա: Իսկ հետևանքները կարող են լինել աղետալի:
Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը բավականին բարձր է: Տնտեսական անկման՝ տարիներ շարունակ չհակադարձվող միտումն անխուսափելիորեն առաջացրեց բնակչության արագընթաց զանգվածային աղքատացում և ուղեկցվեց սոցիալական զգալի կորուստներով: Երեք միլիոն բնակչություն ունեցող (պաշտոնական տվյալների համաձայն) երկրում 32 % աղքատության ցուցանիշը զգալի է և մտահոգիչ: Ջինիի գործակիցն իր հերթին փաստում է սոցիալական բևեռացվածության բարձր մակարդակի վերաբերյալ: Բնակչության եկամուտների տարբերությունն ամենաղքատ և ամենահարուստ խավերի միջև հսկայական է: Եկամուտների 30.1 %-ը բաժին է ընկնում ամենահարուստներին և միայն 2%-ը ամենաղքատներին (http://armstat.am/file/doc/99489188.pdf): Այս ամենին ավելանում է նաև այն, որ սոցիալական ծախքերի ծանր բեռը հիմնականում ընկնում է բնակչության անապահով և խոցելի խմբերի ուսերին, որոնք կազմում են հասարակության մի ստվար զանգված: Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական բարձրացումը, մեղմ ասած, մտահոգիչ է մեր հասարակության համար: Սակագնի բարձրացումը նշանակում է հայաստանյան տնային տնտեսությունների ծախսերի համամասնական ավելացում դրամական հիմնական եկամուտների չփոփոխման պարագայում: Եթե անգամ բացառենք կամ այս պահին հաշվի չառնենք այդ բարձրացմամբ պայմանավորված շղթայական հետագա թանկացումները,  միևնույն է, էլեկտրաէներգիայի թանկացումը բերելու է աղքատության խորացմանը և աղքատության ցուցանիշների ավելացմանը երկրում: Հայաստանի բնակչության 18.7%-ն աղքատ է, 10.6%-ը՝ շատ աղքատ և 2.0%-ը՝ ծայրահեղ աղքատ է: Էլետրէներգիայի սակագնի բարձրացումը հարվածելու է, առաջին հերթին, բնակչության հենց այդ խմբերին: Այսօր Հայաստանում անապահով ընտանիքների հիմնական եկամուտը կազմում են սոցիալական տրանսֆերտները (կենսաթոշակ նպաստ), ինչպես նաև, եթե ընտանիքում կա աշխատող անձ, ապա նվազագույն աշխատավարձին համաչափ կամ դրան բավականին մոտ չափով աշխատավարձը: ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ բնակչության անապահով խմբերին պատկանող տնային տնտեսությունների դրամական եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 39.193 ՀՀ դրամը (աղքատության վերին շեմ), իսկ սպառողական հիմնական ծախսերի 30.1 %-ը բաժին է ընկնում ծառայությունների սպառմանը, որոնց մեջ ներառված են նաև կոմունալ վարձավճարները և այդ ուղղությամբ կատարվող ծախսերը (կոմունալ վարձավճարների շարքում էլեկտրաէներգիայի ծախսերը ծավալով ամենամեծն են Հայաստանի բազմաթիվ համայնքների բնակիչների համար): Ստացվում է, որ բնակչության անապահով խմբերի դրամական եկամուտների՝ նույնությամբ պահպանվելու դեպքում ծառայություններից օգտվելու, այդ թվում էլեկտրաէներգիայի սպառման ծախսերի՝ մոտ 20% աճը կարող է սոցիալական լուրջ հետևանքներ ունենալ բնակչության անապահով խմբերի կենսամակարդակի վրա և նույնիսկ հետ մղել նրանց դեպի բնակչության դեցիլային մեկ այլ, համեմատաբար ավելի աղքատ խումբ, որն ունի եկամուտների և ծախսերի առավել անհամաչափ բաշխում՝ եկամուտների ցածր մակարդակով: Օրինակ՝ Հայաստանի ամենաաղքատ բնակչության դեցիլային խումբն ունենում է 3.2 % սպառում և ընդամենը դրամական 2.0% եկամուտ: Բնականաբար, սպառողական ծախսերի աճը էականորեն կբերի այդ անհամաչափության խորացմանը և դրանով պայմանավորված՝ նաև աղքատության սրացմանը երկրում:
Հայաստանում ընտանեկան նպաստի միջին չափը 2015 թվականի դրությամբ կազմում է 30.537 ՀՀ դրամ, աշխատանքային կենսաթոշակի միջին չափը՝ 41.000 ՀՀ դրամ: Նվազագույն սպառողական զամբյուղը, որում ներառված են պարենային, ոչ պարենային ապրանքների սպառման ծախսերը և ծառայությունների, այդ թվում էլեկտրաէներգիայի սպառման համար նախատեսված ծախսերը, կազմում է 56.200 ՀՀ դրամ: Սոցիալական տրանսֆերտների միջին ցուցանիշները ցածր են նվազագույն սպառողական զամբյուղից, ինչը նշանակում է, որ բնակչության այդ խմբերի դրամական եկամուտների չավելացման դեպքում նրանց ծախսերի աճը, որն անխուսփելիորեն պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի աճով, կարող է էապես կրճատել տնային այդ տնտեսությունների սպառումների ծավալը, այդ թվում այն ծախսերը, որոնք կատարվում են առաջնային անհրաժեշտության ապրանքների (հիմնականում՝ պարենային) սպառման ուղղությամբ: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սոցիալական բացասական հետևանքների ազդեցության հանդեպ առավել խոցելի են միայնակ տարեցները, ում միակ և հիմնական դրամական եկամուտը աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակն է, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված և ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները, ում հիմանկան դրամական եկամուտն ընտանեկան նպաստն է, բազմանդամ ընտանիքները, ինչպես նաև այն ընտանիքները, ովքեր փաստացիորեն աղքատ են, սակայն պետական աջակցության որևէ ծրագրից չեն օգտվում: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն, առաջին հերթին, հարվածելու է հենց այդ ընտանիքների կենսամակարդակի վրա և անգամ մղելու դեպի ավելի խորը աղքատություն:
Եթե բնակչության անապահով խմբերի կենսամակարդակի վրա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բացասական ազդեցությունը ի վերուստ պարզ էր, ապա անհրաժեշտ է նշել, որ բնակչության առավել ապահով խմբերի ներկայացուցիչները նույնպես կրելու են այդ գործընթացի ցավալի հետևանքները: Այդ մասին են վկայում ամենապարզ հաշվարկները: Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 146.524 ՀՀ դրամ, կենսաթոշակի միջին չափը 41.000 ՀՀ դրամ: Ամսական էլեկտրաէներգիայի սպառման դիմաց 5.000 ՀՀ դրամից մինչև 15.000 ՀՀ դրամ վճարող ընտանիքներն այսուհետ ստիպված են լինելու վճարել մոտավորապես 5.800 դրամից 17.400 ՀՀ դրամ (հաշվարկները մոտավոր են): Դա կազմում է Հայաստանի միջին եկամուտ ունեցող ընտանիքի եկամտի մոտավորապես 3-10 %-ը: Եթե առաջին հայացքից այդ ցուցանիշն այնքան էլ բարձր չէ և չի կարող էականորեն ազդել ամսական դրամական միջին եկամուտ ունեցող ընտանիքների կենսամակարդակի վրա, ապա այս դեպքում առաջ է գալիս շղթայական թանկացման անխուսափելի հանգամանքը և ձմեռային ամիսներին էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կրկնակի, իսկ որոշ դեպքերում նաև բազմակի աճը: Այդ գործոնների համակարգված ազդեցությունը միանշանակորեն ազդելու է հայաստանյան ընտանիքների կենսագործունեության վրա՝ պայմանավորելով տնային տնտեսությունների սպառողական ծախսերի կտրուկ աճը և ընտանեկան բյուջեի էլ ավելի զգալի մասի ուղղումը էլեկտրաներգիայի սպառման ծախսերի մարմանը: Ընդ որում, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման առումով խոցելիության գործոնները պայմանավորված են ոչ միայն ընտանիքի եկամուտով, այլ նաև բնակության վայրին բնորոշ գործոններով: Էլեկտրէներգիայի սակագնի բարձրացման բացասական հետևանքների հանդեպ առավել խոցելի են լեռնային և բարձրլեռնային համայնքները, որոնց բնակչությունը, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, սպառում են էլեկտրաէներգիայի ավելի մեծ ծավալ, ինչպես նաև  փոքր և հեռավոր համայնքները, որոնց բնակչության կայուն եկամտի աղբյուրները խիստ սահմանափակ են և սուղ:
Հիմնական եզրակացությունները.
1.    Անկախ այն հանգամանքից, թե որքանով է հիմնավորված կամ չհիմնավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, այն ունենալու է սոցիալական բազմաթիվ և լրջագույն բացասական հետևանքներ ազգաբնակչության կենսամակարդակի վրա:
2.    Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և դրանով պայմանավորված աղքատության աճի առումով առավել խոցելի են բնակչության անապահով խմբերը (ընդ որում, անկախ ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված կամ չընդգրկված լինելու), միայնակ կենսաթոշակառուները, բազմանդամ ընտանիքները:
3.    Բնակչության խոցելիությունը պայմանավորված է ոչ միայն նրանց դրամական եկամուտներով և սպառողական ծախսերով, այլ նաև բնակության վայրին բնորոշ գործոններով: Դա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բացասական հետևանքներն առավել սուր կերպով կարտահայտվեն հատկապես լեռնային և բարձրլեռնային համայնքներում, որտեղ եղանակային անպարենպաստ պայմանները պահանջում են էլեկտրաէներգիայի սպառման ավելի մեծ ծավալներ:
4.    Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բացասական հետևանքները կլինեն ոչ միայն տնային տնտեսությունների սպառման ծախսերի կրճատումը, սպառման ծախսերի համակարգում անխուսափելի փոփոխությունների իրականացումը (օրինակ՝ էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը հոգալու համար պարենային ապրանքների կամ առաջնային անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների ծախսերի կրճատումը), այլև դրանցով պայմանավորված՝ տնային տնտեսությունների տեղաշարժը բնակչության դեցիլային մի խմբից մյուսը, որն ունի դրաման եկամուտների առավել փոքր ծավալ և սպառման ծախսերի ու եկամուտների առավել մեծ անհամաչափություն: Այդ հանգամանքը բերելու է նաև աղքատության ցուցանիշների աճին և աղքատության խորացմանը: Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի թանկացմամբ պայմանավորված շղթայական թանկացումների անխուսափելիությունն, այդ իրողությունն իրեն երկար սպասել չի տա:
5.    Էլեկտրաէներգիայի թանկացումն իր բացասական հետևանքները կունենա նաև համեմատաբար կայուն և միջին ծավալի եկամուտներ ունեցող ընտանիքների կենսագործունեության վրա: Սպառողկան ծախսերի աճը եկամտի նույն մակարդակի պահպանման դեպքում կարող է ազդել միջին խավի ներուժի և բնակչության ընդհանուր թվաքանակում ունեցած չափաքանակի վրա:
6.    Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով կկրճատվեն նաև բնակչության բոլոր խմբերի կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալները: Եթե երեք տարի առաջ ՀՀ քաղաքացին իր միջին աշխատավարձով կարող էր գնել 3700 կվ/ժամ էլեկտրաէներգիա, ապա այս թանկացումից հետո կկարողանա գնել ընդամենը 3300 կվ/ժամ (http://ankakh.com/article/18768/vorqan-elyektraenyergiayi-sakagine-bardzranum-e--aynqan-hets-e-partqyeri-myedj-thaghvum-e-tntyesagyet): Դա, իհարկե, կարող է մեղմել իրավիճակը, բայց եթե մենք իրադրությունը դիտարկենք մարդու իրավունքների տեսանկյունից, ապա դա կդառնա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, քանի որ ինչպես փաստում է ՀՀ Սահմանադրությունը՝ յուրաքանչյուր ոք ունի բավարար կենսամակարդակի և կենսապայմանների բարելավման իրավունք (և ոչ թե հակառակը):
7.    2000-ական թվականներին, երբ Հայաստանի բաշխիչ ցանցերը սեփականաշնորհվեցին, Կառավարությունն այս գործարքը ներկայացնում էր որպես միակ փրկօղակ էներգետիկ ոլորտի հսկայական կորուստները դադարեցնելու և իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար: Սակայն վերջին 16 տարիների ընթացքում էլեկտրաէներգիան Հայաստանում թանկացել է 400 %: (http://hraparak.am/?p=81859&l=am/16+tarum+elektraenergian+hayastanum+tankacel+e+400+tokosov): Դա նշանակում է, որ փրկօղակն իրեն չի արդարացրել և Հայաստանի էլեկտրական ցանցերը դարձել են ոմանց, ընդ որում բավականին նեղ շրջանակով մարդկանց հարստացման անսպառ աղբյուր: Իսկ դա, իր հերթին, փաստում է, որ վաղուց արդեն Հայաստանի Հանրապետությանը էլեկտրաէներգիայով մատակարարող այլ կառույցներ և այլընտրանքային աղբյուրներ են անհրաժեշտ: Դա այսօր օրհասական և ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է դարձել:  
8.    Կառավարության որոշումը ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը 2000 դրամով սուբսիդավորելու մասին իրավիճակը մեղմել չի կարող, քանի որ այն համարժեք չէ բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալներին: Դա պայմանավորված է նրանով, որ, նախ, իրականում անապահով ընտանիքների թիվը շատ ավելին է, քան այն ընտանիքների թիվը, ովքեր ընդգրկված են ընտանեկան նպաստի համակարգում, բացի դրանից անգամ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կողմից սպառած էլեկտրաէներգիայի ծախսերի մեջ Կառավարության կողմից 2000 դրամ աջակցությունը ոչ միայն էական չէ, այլ նաև սփոփիչ չէ: Բացի դրանից բնակչության խոցելի մյուս խմբերը դուրս են մնում պետական որևէ ծրագրից կամ աջակցությունից՝ ուղղված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքների մեղմանը:

Եվգինե Վարդանյան
ԵՊՀ Սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x