ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հարցազրույց

04.06.2015

Որքանով են Հայաստանում մատչելի գյուղատնտեսական վարկերը, կամ ինչպես է ազդել նախորդ տարվա վերջին դոլարի կտրուկ աճը գյուղատնտեսական վարկերի վրա և ոլորտի մի շարք այլ հարցերի շուրջ զրույց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի վարկային տնօրեն Նորիկ Նազարյանի հետ:


-Պարո՛ն Նազարյան, ըստ ձեզ, գյուղատնտեսական վարկերը ինչքանո՞վ են մատչելի Հայաստանում:

-Հարցի պատասխանն ավելի ճիշտ գյուղացիները կտային, բայց, կարծում եմ, դրական է, որ մեր վարկառուներին վարկերը շատ հեշտ են տրվում, որովհետև մենք տարիներից եկած փորձ ունենք իրենց հետ: 1996թ.-ից մենք քայլում ենք գյուղացիների հետ, ունենք վարկառուներ, ովքեր հենց 1996թ.-ից մինչ օրս վարկավորվում են: Վարկ տրամադրելու գործընթացը այս տարիների ընթացքում հեշտացրել ենք: Մենք շատ ենք լինում գյուղերում. մեր վարկային մասնագետները հիմնականում հենց այնտեղ են և հաճախակի կազմակերպում են հավաք-ժողովներ, որի ընթացքում ներկայացվում են վարկավորման հետ կապված մեր բոլոր նորությունները: Ներկայացնում են նաև վարկային պրոդուկտների պայմանները՝ ինչ պայմաններով ենք տրամադրում, ինչ տոկոսադրույքով, ինչ կոմիսիոն վճարներով:


Հաճախակի մեզ հարցնում են՝ արդյո՞ք գյուղացին կարդում է վարկային պայմանագիրը և ինչքանո՞վ է ծանոթ լինում վարկավորման պայմաններին: Մենք չենք սպասում, որ հաճախորդը կարդա: Մենք նախապես ներկայացնում ենք պայմանները հենց գյուղերում: Բացի այդ, մեր երկար տարիների աշխատանքը թույլ է տալիս, որ նրանք արդեն ծանոթ լինեն վարկային պայմաններին:


Նույնիսկ, վարկերի մարումները շատ գյուղերում տրադիցիոն բնույթ են կրում, այսինքն՝ մարումների հաճախականությունը արդեն հարմարացրել ենք այդ գյուղի հիմնական եկամուտների սեզոնին: Ամեն գյուղ իր մարման ժամանակն ունի, նույնիսկ օրն ունի:


-Գյուղացիները ամեն դեպքում դժգոհում են վարկերի մատչելիությունից: Բանկը ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ է գյուղատնտեսական վարկերը ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ:


-Վարկի մատչելիությունը, բնականաբար, ենթադրում է տոկոսադրույքի իջեցնում, մարման ժամկետի երկարաձգում, ինչի համար նախ պետք է ունենալ ռեսուրս: Մենք ունենք որոշ ծրագրեր, որոնց միջոցով կարողանում ենք գյուղացիական տնտեսություններին ավելի մատչելի վարկեր տրամադրել: Ամենացավոտ հարցն այսօր հայ գյուղացու համար վարկային միջոցների արժույթի ընտրությունն է՝ դրամ, թե արտարժույթ: Բնականաբար, շատերը խուսափում են արտարժույթից, որովհետև կա ռիսկ, որ կարող է արտարժույթի փոխարժեքը բարձրանալ ու իրենք ունենան կորուստներ:


Այսինքն՝ մեր հիմնական խնդիրն է հայթայթել դրամային միջոցներ և հասցնել գյուղացիական տնտեսություններին:


Մեր գյուղատնտեսության վարկային պորտֆելի 52%-ը դրամային վարկերն են, 48%-ը՝ արտարժութային: 52%-ի մեջ մտնում են նաև պետության կողմից սուբսիդավորվող վարկերը: Բացի պետության կողմից սուբսիդավորվող վարկերից, մենք այլ միջոցներ էլ ունենք, որոնք ուղղում ենք հենց գյուղատնտեսության վարկավորմանը: Այդ միջոցները հիմնականում երկարաժամկետ վարկերի համար են՝ մինչև 7 տարի մարման ժամկետով:


-Ինչպե՞ս եք գնահատում պետության կողմից սուբսիդավորմամբ տրվող վարկերին, գյուղացիները դժգոհում են, որ դրանք քիչ են՝ ինչպես ծավալային, այնպես էլ տոկոսային իմաստով:


-Վարկերի մարման առավելագույն ժամկետը ամենաշատը երկու տարի է, որը կրկին որոշակի դժգոհությունների տեղիք է տալիս. մարդիկ ցանկանում են երկար ժամանակով վերցնել: Այս տարի ծավալը չբավարարեց գյուղացիական տնտեսություններին, այդ պատճառով կառավարությունը որոշում կայացրեց լրացուցիչ միջոցներ տրամադրել սուբսիդավորվող վարկեր տրամադրելու համար: Մեզ ևս 3 մլրդ. դրամ է հատկացվել, որն արդեն իսկ բաշխել ենք մարզային մեր մասնաճյուղերի միջև և հիմա ակտիվ վարկավորում է իրականացվում: Կարծում եմ, որ մինչև հուլիսի վերջ մենք ամբողջ պահանջարկը կբավարարենք:


Կառավարությունը նաև լրացուցիչ միջոցներ հատկացրեց 7 մլրդ. դրամի չափով վարկավորման աշնանային փուլը իրականացնելու համար: Սեպտեմբերից նորից կշարունակենք ծրագիրը:


-Բանի վարկային պորտֆելի քանի՞ տոկոսն են կազմում գյուղատնտեսական վարկերը:


-Գյուղատնտեսական վարկերը կազմում են 40%, այսինքն` 73 մլրդ. դրամ:


-Ի՞նչ ազդեցություն ունեցավ նախորդ տարեվերջին և այս տարեսկզբին ԱՄՆ դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումը, արդյո՞ք այն ազդեց վարկառուների թվի վրա:


-Շատ ցավոտ հարց է: Իհարկե ազդեցություն չէր կարող չունենալ, որովհետև մեր երկիրը դոլարիզացված է, մենք շատ մեծ կախում ունենք դրսից, մասնավորապես ՌԴ-ից: Մեր ՀՆԱ-ի մեջ մեծ տեղ են զբաղեցնում տրանսֆերտները, որոնք մոտ 3 անգամ նվազել են: Դա արդեն իսկ ազդեցություն ունենա է ունենում տնտեսության ու մարդկանց եկամուտների վրա: Արդյունքում ստացվեց այնպես, որ մարդիկ ունեին վարկային պարտավորություններ, որոնք պատրաստվում էին մարել այդ եկամուտների հաշվին, ու հիմա այդ եկամուտները կրճատվել են:


Ունենք վարկառուներ, ովքեր աշխատում են այստեղի ռուսական զորամասերում և աշխատավարձ ստանում են ռուբլով: Ռուբլու անկման շրջանում, իրենք դժվարություններ ունեցան վարկը մարելու հետ կապված: Հիմա խնդիրը կարծես կարգավորվել է. մարդիկ ընկան նոր ռեժիմի մեջ:


-Դոլարի փոխարժեքի նման տատանումից հետո մարդիկ ներկայումս ավելի՞ են ձգտում դրամով վարկեր ստանալ:


-Այո, դրամային վարկերի պահանջարկը շատ մեծ է. մարդիկ խուսափում են դոլարով վարկ վերցնելուց, բայց առաջարկում ենք այն, ինչ կարողանում ենք: Մենք հիմա դրամ չունենալու պատճառով կրճատել ենք դրամային վարկերի ծավալը: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, դրամային վարկերը կիսով չափ կրճատվել են:


-Երբ աճում են գյուղատնտեսական վարկերի ծավալները, դա խոսում է գյուղատնտեսության զարգացմա՞ն, թե՞ հակառակի մասին:


-Ոչ հակառակը կպնդեմ, ոչ էլ կասեմ, որ դա խոսում է զարգացման մասին: Բայց մի բանում համոզված եմ. եթե չլինեին գյուղատնտեսական վարկերը, մասնավորապես սուբսիդավորվող վարկերը, կարծում եմ, որ մենք շատ ավելի վատ իրավիճակում կլինեինք: Տնտեսության սուբսիդավորվող վարկերի մտնելուն զուգընթաց, բավականին աճ մենք ունեցանք՝ գյուղատնտեսական վարկառուների թվի ավելացման առումով: Կարող եմ ասել, որ վարկավորումը տնտեսության շարժիչ հանգամանք դարձավ:


Հատկապես լավ արդյունք եղավ, երբ սուբսիդավորման տոկոսադրույքը 4%-ից դարձվեց 6%. 8%-ով վարկային միջոց ունենալը կարծում եմ, որ բավականին մատչելի է:


-2012թ-ի մայիսին կարկտահարություն եղավ, որից տուժեցին տնտեսությունները և կառավարությունը հայտարարեց գյուղատնտեսական վարկերի ժամանակավոր սառեցում: Ի՞նչ փուլում է ներկայումս այս գործընթացը:

-Ես, անձամբ, սկզբից մինչև վերջ մասնակցել եմ այդ գործընթացին: Հիշում եմ՝ երբ կարկտահարությունը եղավ բոլորը անորոշ հայացքներով նայում էին միմյանց: Բոլորի մոտ նույն հարցն էր. ի՞նչ է լինելու վարկերի հետ:


Նույնիսկ հայտարարություններ եղան, որ բանկերը վարկերը կսառեցնեն, կզիջեն և այլն, բայց սառեցում չէր կարող լիներ: Այն ժամանակ, հիշում եմ, ինտենսիվ աշխատեցին ԿԲ-ի հետ, համագործակցում էին Գյուղնախարարության հետ: Լուծումը եղավ ոչ թե վարկերի սառեցումը, այլ դրանց ավելի երկարաժամկետ դարձնելը: Կառավարությունը հատկացրեց լրացուցիչ գումար, որը ուղղեցինք տուժած տնտեսությունների վարկերի մարումներին:


Մարդիկ ստացան նոր վարկեր՝ ավելի երկար` երեք տարի ժամկետով : Վարկային պարտավորությունների մարումները նշանակեցինք սկսած հաջորդ տարվանից. հիմնական մարումների բեռը գցեցինք վերջին երկու տարվա վրա: Հիմա կարելի է ասել, որ այդ վարկերից բան չի մնացել. 80%-ը արդեն մարվել է. մենք խնդիրներ գրեթե չունեցանք: Դրանք այն մարդիկ էին, որոնք երկար տարիներ մեզ հետ աշխատում էին, և իրենց համար նոր սուբսիդավորվող միջոցների տրամադրումը արդեն իսկ փրկություն էր:


-Ի՞նչ սովորեց բանկը կամ ի՞նչ հետևություններ արեց 2012թ-ին ստեղծված իրավիճակից հետո:


-Մենք նմանատիպ իրավիճակների միջով շատ ենք անցել: 1996թ-ից ֆինանսավորում ենք գյուղատնտեսությունը, տեսել ենք բազմաթիվ կարկուտներ ու բնական աղետներ, այդ ամենը հաղթահարել ենք մեր ուժերով՝ մեր գյուղացիական տնտեսությունների հետ համատեղ գտել ենք լուծումներ, բայց Արմավիրի կարկուտը աննախադեպ էր, լայնամասշտաբ, ու մենք միայն մեր ուժերով չէինք կարող հարցը լուծել:


Հետևությունները հետևյալն են. պետք չէ ունենալ մի ուղղվածության տնտեսություն, գյուղացին պետք է ունենա ոչ միայն բանջարաբոստանային տնտեսություն, այլև պետք է զբաղվի անասնապահությամբ, ունենա ջերմոցային տնտեսություն: Մարդիկ էլ են հասկացել, որ այսօրվա իրավիճակում լավագույն լուծումը դա է:


-Իսկ ի՞նչ կասեք ոլորտի ապահովագրության մասին:


Այո, գլոբալ առումով խնդրի լուծումը ապահովագրությունն է: Երբ մի ընկերություն մտնի ոլորտ ու սկսի ապահովագրել գյուղատնտեսությունը շատ խնդիրներ կլուծվեն: Չեն մտնում, որովհետև ռիսկայնության աստիճանն է բարձր: Oրինակ, երբ բոլոր ցանքատարածությունները 100%-ով ծածկված կլինեն հակակարկտային կայաններով, , կարծում եմ՝ այդ ժամանակ ապահովագրական ընկերությունները կմտածեն այդ ոլորտ մտնելու մասին: Այսօր ընդամենը 10%-ն է ծածկված հակակարկտային կայաններով:


-Բանկը ի՞նչ ծրագրեր ունի գյուղատնտեսական զարգացման ուղղությամբ

Իրականացնում ենք մի քանի ծրագիր, որոնցից կառանձնացնեի, օրինակ՝ կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրումը: Մենք համատեղ պայմանագիր ունենք երկու կազմակերպությունների հետ, որոնց հետ ջերմոցային տնտեսություններում և այգիներում համատեղ տեղադրում ենք կաթիլային համակարգեր: Այդ համակարգը հնարավորություն է տալիս խնայել ջրային ռեսուրսներ, կրճատել աշխատուժ, հոսանքի խնայողություն ունենալ և բավականին բարձր բերքատվություն ապահովել:

Ներկայումս ընթանում է ծրագրի առաջին փուլը, որի շրջանակում ընտրել ենք բոլոր մարզերից տնտեսություններ մեր հին հաճախորդների միջից: Համակարգերը տեղադրվում են 500 քմ-ի վրա: Կարծում եմ, որ ի վերջո բոլորը գնալու են այս ճանապարհով, որովհետև ապագան այստեղ է: Մենք համակարգի ներդրման գումարը փոխանցելու ենք վարկային միջոցների տեսքով համակարգը տեղադրող ընկերությանը:  

Մյուս ծրագիրը իրականացնում են ՆԱԲՈՒ-ի՝ Գերմանիայի բնության պահպանության միության հետ։ Ներկայումս սեմինարներ ենք անցկացնում արտադրողների հետ: Մեր ու ՆԱԲՈՒ-ի ֆինանսավորմամբ մի քանի տնտեսություններ կստանան սերտիֆիկատ, որը կհավաստի, որ տվյալ ընկերությունը արտադրում է օրգանիկ սնունդ:

Այս ծրագրով նպաստելու ենք նոր աշխատատեղերի բացմանը, գյուղացիական տնտեսությունների զարգացմանը, նաև սերտիֆիկացումը տվյալ տնտեսությունների համար ավելի է հեշտացնելու նրանց կողմից արտադրվող ապրանքների արտահանմանը այլ երկրներ:

Նյութի աղբյուր՝ tert.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x