ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տ.Ջրբաշյան. Մինչև 2017 թվականը մենք կունենանք բոլորովին այլ բանկային համակարգ

18.04.2015

Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017 թ. հունվարի մեկից 30 մլրդ ՀՀ դրամ սահմանելու մասին ՀՀ Կենտրոնական բանկի վերջերս կայացրած որոշումը բառացիորեն արթնացրեց տնտեսագիտական փորձագիտական միտքը: Վերլուծաբանների մի մասը կողմ է այդ որոշմանը, իսկ ոմանք գտնում են, որ ռեգուլյատորի որոշումը կարող է թակարդ հանդիսանալ ճգնաժամի մեջ գտնվող հայրենական տնտեսության միակ մրցունակ ոլորտի համար: Դաշտում կմնան բացառապես խոշոր խաղացողները, բանկային համակարգում մրցակցությունը կնվազի, իսկ դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտների և բնակչության համար ֆինանսական ռեսուրսները կդառնան պակաս մատչելի: Բանկային համակարգում տիրող իրավիճակի, դրա հեռանկարների ու մեր տնտեսության որոշ հիմնախնդիրների մասին է ԱրմԻնֆո լրատվական գործակալության թղթակից-տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը զրուցում «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն, «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվության ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի հետ:

Իմ հարցադրման մեջ չեմ կարող չշեշտել, որ բանկային համակարգի վերաբերյալ իմ հոռետեսական կանխատեսումները, ցավոք, արդարացան: Վերջին երկու-երեք տարիներին համակարգն զգալի դժվարություններ ապրեց՝ կապված վարկավորման տեմպերի նվազման, չաշխատող վարկերի աճի և ֆոնդավորման դեֆիցիտի հետ: Այսինքն, համակարգը, որը միշտ ընթանում էր տնտեսության առջևից, հայտնվեց, ինչպես մի քանի անգամ արդեն ասել եմ, այդ նույն տնտեսության պատանդի դերում: Աստիճանաբար նվազեց բանկերի հիմնական միջնորդական առաքելությունը, արդյունքում համակարգն իր զարգացման և կայացման ընթացքում առաջին անգամ շահույթի ու վնասի ընդհանուր ցուցանիշներով տարին եզրափակեց մինուսով: Ձեր կարծիքով, որո՞նք են պատճառները, որ բանկերը խրվեցին վնասների մեջ:


Ես կտրականապես համաձայն չեմ, որ վերջին տարիներին բանկային համակարգը նվազեցրել է իր միջնորդական առաքելությունը տնտեսության մեջ: Ճիշտ հակառակը, վերջին երեք տարիներին բանկային համակարգի դերը տնտեսությունում ու դրա ֆինանսավորման մեջ կտրուկ աճել է: Եվ նման իրավիճակում՝ նկատի ունեմ համակարգի ընդհանուր վնասի էական աճը, հայտնվելու պատճառներից մեկն էլ հենց այդ հանգամանքն է: Եթե 2012 թվականին Հայաստանի բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում էր ՀՆԱ-ի 40%-ը, ապա 2014 թվականին այդ ցուցանիշը հասավ 47.7%-ի: Զգալի աճ է արձանագրվել նաև ՀՆԱ-ի և համախառն ակտիվների հարաբերակցության գծով, քանի որ 2012 թվականին համախառն ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմում էր 62%, իսկ 2014 թվականին այդ ցուցանիշը հասավ 75.8%-ի: Եթե համեմատեք մեր հարևան, տնտեսական առումով մեզ նման Վրաստանի հետ, ապա այնտեղ նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 55%-ից աճել է մինչև 70%: Ըստ այդ տվյալների, բանկային համակարգը Հայաստանում, սկզբունքայնորեն, ավելի մեծ դեր է խաղում տնտեսության ֆինանսավորման մեջ, քան Վրաստանում: Իսկ ՀՆԱ կառուցվածքում ունեցած ակտիվների մասնաբաժնով այսօր մենք ԱՊՀ երկրների ցանկում գտնվում ենք գրեթե մեջտեղում:
Այսինքն, տնտեսության իրական աճը վերջին երեք տարիներին հիմնականում ֆինանսավորվում էր բանկային վարկավորման հաշվին: Այլ բան է, որ այդ ամենը զարգանում էր բանկային շուկայում ծավալվող կոշտ, ընդ որում՝ էքստենսիվ զարգացման վրա հիմնված մրցակցության պայմաններում: Այդ վերջին հանգամանքին կխնդրեի դարձնել ավելի մեծ ուշադրություն: Այսպես, հավաքելով կապիտալի պահուստները, որոնք առաջացել էին ճգնաժամի ընթացքում, բանկերն սկսեցին առավելագույն ձևով դրանք օգտագործել՝ փորձելով աշխատել «լևերիջի» հաշվին: Այսինքն, բանկային համակարգը հիմնականում ընթացավ էքստենսիվ, այլ ոչ թե ինտենսիվ զարգացման ճանապարհով՝ ներդրումներ չուղղելով նոր տեխնոլոգիաներին և նոր պրոդուկտների զարգացմանը, այլ օգտագործելով միայն այսպես ասած՝ ձեռքի տակ ունեցած միջոցները: Այդ երեք տարվա ընթացքում շատ բանկեր որդեգրեցին այս աշխատելաոճը: Շատերը, բայց ոչ բոլորը: Իսկ այդ աճի որակը միջինից էլ ցածր էր: Ի տարբերություն նույն Վրաստանի, մեր բանկային համակարգի արդյունավետությունը, ինչպես արդեն ասացի, մարժայի նվազման և գնային կոշտ մրցակցության պատճառով ավելի ցածր գտնվեց:

Գոյություն ունի բանկային համակարգի արդյունավետության գնահատման երեք ցուցանիշ, ինչը քաջ հայտնի է մասնագետներին: Դա ROA (ակտիվների եկամտաբերություն) ցուցանիշն է, СIR (վարչական ծախսերի և գործառնական շահույթի հարաբերակցություն) ցուցանիշը և ROE (կապիտալի եկամտաբերություն) ցուցանիշը: Եթե համեմատենք, օրինակ, ROA ցուցանիշը, ապա Հայաստանի բանկային համակարգն ԱՊՀ իր գործընկերներին զիջում է 2-3 անգամ: Իսկ եթե համեմատեք CIR ցուցանիշը, որը կազմում է 54.4%, ապա ԱՊՀ երկրներում այդ գործակիցը կազմում է 45-47%, իսկ լավագույն միջազգային բանկերում՝ 35-37%: Շատ կարևոր ցուցանիշ է նաև ROE-ն: Այստեղ ամեն ինչ միանշանակ է, մենք աստիճանաբար իջել ենք, սկսած 2012 թվականից՝ 14%-ից մինչև 7%: Եթե հաշվի չառնենք մեր որոշ խոշոր բանկերի ցուցանիշները (օրինակ, Ամերիաբանկի մոտ այն կազմում է 17.8%), ապա համակարգի ընդհանուր ցուցանիշը բավականին ցածր է: Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք սպառել ենք կապիտալի հաշվին էքստենսիվ կերպով աճելու հնարավորությունը:

Թույլ տվեք պաշտպանել մեր բանկերին: Անկասկած, երկրի բանկային համակարգում մրցակցությունը շատ մեծ է՝ հանուն յուրաքանչյուր վճարունակ հաճախորդի: Բայց ներկա դրության պատճառը, կարծում եմ, կայանում է նրանում, որ վարկային ռեսուրսների և, ընդհանրապես, բանկային ծառայությունների նկատմամբ վճարունակ ու առողջ պահանջարկ չկա՝ երկրում տիրող բարդ տնտեսական իրավիճակի պատճառով: Հետևաբար, շատ բանկեր այսօր ի վիճակի չեն ստեղծել շահույթ:

Մենք այդ հարցին դեռ կանդրադառնանք, այժմ ես խոսում եմ մի փոքր այլ բանի մասին: Օրինակ, Վրաստանում ակտիվների մոտ 82%-ը բաժին է ընկնում երկու խոշորագույն բանկերին, իսկ մեզ մոտ առաջատարների հնգյակը տիրում է ակտիվների մոտ 46%-ին: Օրինակ, Ամերիաբանկի նման խոշոր բանկը, որը հաշվետու տարին հիմնական ցուցանիշներով՝ ակտիվներով և պարտավորություններով, ինչպես նաև վարկային ներդրումներով, եզրափակել է որպես առաջատար, զբաղեցնում է շուկայի 14-15%-ը, մինչդեռ վրացական շուկայի առաջատարի մոտ այդ ցուցանիշը 3 անգամ բարձր է: Այնտեղ մրցակցությունն ավելի ցածր է, բայց բարձր է նոր տեխնոլոգիաներում, նոր ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու հնարավորությունը, մեծ է նաև մարժան: Ստացվում է, որ մեզ մոտ ստեղծվել է պատային իրավիճակ. մի կողմից, բանկային համակարգն այնքան է աճել, որ դարձել է ՀՆԱ աճի հիմնական շարժիչ ուժը, իսկ մյուս կողմից, դա արվել է համակարգի աշխատանքի արդյունավետության հաշվին՝ հանգեցնելով համակարգի վնասաբերության, և արդյունքում 2015 թվականը մենք դիմավորում էինք հետևյալ հարցով՝ ի՞նչ է լինելու հետո: Եվ բախվեցինք CAR-ի (Capital Adequacy Requirement՝ կապիտալի համարժեքության) լուրջ խնդրին. շատ բանկերի կապիտալի համարժեքության ցուցանիշը իջել է՝ հասնելով նվազագույնի ցածր արդյունավետության պատճառով, իսկ նման պայմաններում լրացուցիչ կապիտալ ներգրավելն արդեն դժվարանում է, եթե հաշվի առնենք նաև մեր ներկայիս տնտեսական լուրջ ռիսկերը: Շուկայում, միանշանակ, առաջացավ բանկերի 2 խումբ՝ արդյունավետության համապատասխան ցուցանիշներով:

Շատ խիստ եք դատում: Մեր գործակալությունը, օրինակ, առանձնացրել է 4 խումբ:

Բայց դուք այդ խմբերն առանձնացրել եք ոչ թե ըստ արդյունավետության ցուցանիշների, այլ կապիտալի ներգրավման հնարավորությունների: Բանն այն է, որ կապիտալ հնարավոր է ներգրավել միայն այն դեպքում, երբ ապահովված է այդ կապիտալի վերադարձելիությունը: Եթե վերլուծենք բանկերի արդյունավետության բոլոր գործակիցները, այդ թվում՝ մեկ աշխատակցին բաժին ընկնող վարկերի և ավանդների չափը, հիմնական կապիտալին ուղղված ներդրումների չափերը, և այդ ամենը խմբավորենք, ապա պարզ է դառնում, որ չափերն ունեն մեծ նշանակություն: Այսօր փոքր բանկերն, իրականում, փորձում են ունիվերսալ շուկայում մրցակցել խոշոր բանկերի հետ: Դրա համար էլ նրանց արդյունավետության ցուցանիշները ցածր են, և հիմնական վնասներն արձանագրվում են հատկապես այդ բանկերում: Փոքր բանկերի մեջ էլ կան այնպիսինները, որոնք ապահովում են արդյունավետության լավ ցուցանիշներ, բայց դրանք մասնագիտացված կամ «խորշային» ( «նիշային» ) խաղացողներ են, իսկ իրականում փոքր բանկերը փորձում են մեծերի հետ մրցակցել լայն դաշտում: Բայց եթե հաշվի առնենք նրանց փոքր չափերը, անգամ նոր տեխնոլոգիաներում և օպերացիոն համակարգերում կատարած ներդրումները, միևնույնն է՝ նրանց գործառնությունների արդյունավետության մակարդակն սպասվածից շատ ցածր է: Չի աշխատում մասշտաբի էֆեկտը, այն պարզապես, գոյություն չունի: Հետևաբար, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ փոքր բանկերն իրենց ցածր արդյունավետության պատճառով սկսել են, մի կողմից, «խժռել» կապիտալը, իսկ մյուս կողմից՝ զգալ ֆոնդավորման սուր պակաս:

Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017 թվականից 30 մլրդ.ՀՀ դրամ սահմանելու մասին իր որոշման հիմնավորման մեջ ՀՀ ԿԲ այդ հանգամանքը նշել էր:

Բնական է, ԿԲ հասկանում է, որ իրավիճակն այնքան էլ հեշտ չէ, ինչը բանկերին մղում է դեպի սիներգիա, միավորում, խոշորացում, սեփական միջոցների արդյունավետ օգտագործում: Վերցնենք, օրինակ, բանկինգի այնպիսի կարևորագույն տեխնոլոգիական հատված, ինչպիսին վճարային քարտերն են: Բանկոմատներով ապահովվածությամբ՝ հարյուր հազար մարդու հաշվարկով, Հայաստանը Սլովակիայի, Բելառուսի, Վրաստանի, Մակեդոնիայի հետ գտնվում է նույն մակարդակում: Թվում է, թե վատ ցուցանիշ չէ: Բայց երբ նայում ես, թե քանի քարտ է բաժին ընկնում մեկ միավոր բանկոմատին, ապա մենք հայտնվում ենք ամենացածր մակարդակում: Մենք ունենք ենթակառուցվածք, բայց չենք կարողանում այն արդյունավետորեն լրացնել: Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող քարտերի քանակով մենք գտնվում են նախավերջին տեղում, մեզնից հետո միայն Մոլդովան է: Կամ, օրինակ, վերցնենք անկանխիկ գործարքների մասնաբաժինը քարտային գործարքների ընդհանուր ծավալներում: Չնայած այսօր այդ ցուցանիշն այնքան էլ ցածր չէ, ԱՊՀ երկրների մեջ մենք գտնվում ենք վերջին տեղում: Այս ամենը խոսում է այն մասին, թե որքան անարդյունավետորեն են օգտագործվում այն ներդրումները, որոնք իր տեխնոլոգիաներում իրականացնում է մեր բանկային համակարգը:
Քանի դեռ կար շուկա, քանի կար բավականաչափ բարձր մակարդակի CAR, ոչ մեկին առանձնապես չէր էլ մտահոգում արդյունավետությունը: Քանի դեռ ընկերությունն իր CAR-ի հաշվին գեներացնում էր շահույթ, ավելացնում վարկային տեղաբաշխումը, քչերն էին մտածում արդյունավետության կամ ոչ տոկոսային ծախսերի մասին:

Այո, բայց վարկային տեղաբաշխումը մեզ մոտ հիմա էլ է գտնվում միջին համաշխարհային մակարդակում: Հայաստանը ԱՊՀ մյուս երկրներից ոչ ցածր է և ոչ էլ բարձր:

Ասեմ՝ երբ վերլուծում ես միայն տոկոսային եկամուտներն ու տոկոսային ծախսերը, ապա CAR-ի և կապիտալի օգտագործման տեսանկյունից ամեն ինչ լավ է: Իսկ երբ սկսում ես ուսումնասիրել ոչ տոկոսային ծախսերը և ոչ տոկոսային եկամուտները, ապա տեսնում ես, որ այստեղ են թաքնված հիմնական խնդիրները, քանի որ ոչ տոկոսային եկամուտները մեզ մոտ շատ ցածր են:

Ճիշտ հակառակը: Վեջին 2-3 տարիներին դրանք աճում են շատ արագ տեմպերով՝ գերազանցելով տոկոսային եկամուտների աճի տեմպերը, ինչը կապված է վարկային շուկայի լճացման հետ: Չէ՞ որ ինչ-որ կերպ պետք է շահույթ ստանալ:

Թույլ տվեք չհամաձայնել նման ընդհանուր գնահատականի հետ: Զուտ ոչ տոկոսային եկամուտի մասին խոսելու համար հարկավոր է խմբավորել բանկերին: Իրականում, ինչպես ասացի, բանկային համակարգն աճեց, բայց այդ աճը կենտրոնացած էր խոշոր բանկերում: Իսկ փոքր բանկերում աճ չի եղել, և դա էլ է ապացուցում, որ բանկային համակարգում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բանկերի մի խումբ իր կապիտալով, արդյունավետության գործակցով և ոչ տոկոսային եկամուտներով շատ առաջ է ընկել մյուսներից: Ցավոք, փոքր բանկերը ոչ այնքան ճիշտ ռազմավարություն են ընտրում՝ փորձելով փոքր կապիտալով մրցակցել մեծերի հետ:

Բացի այդ, բանկերը գնում են շատ լուրջ ոչ տոկոսային ծախսերի՝ այդ թվում ծառայությունների առաջխաղացման համար, որոնք ոչնչով հիմնավորված չեն ու ոչ մի կերպ չեն խթանի զարգացումը: Այլ կերպ ասած՝ ոչ տոկոսային ծախսերը չափազանց շատ էին:

Իսկ ի՞նչ է, նրանք չէ՞ին հաշվարկել, երբ ներդրումներ էին կատարում ենթակառուցվածքներում, պրոդուկտների առաջխաղացման, մասնաճյուղերի ցանցերի զարգացման, անձնակազմի մեջ:

Նրանք չէին էլ հաշվարկել, որ Հայաստանի բանկային համակարգը չափից դուրս մրցակցային է, այստեղից էլ ծագում է ոչ մեծ բանկերի անարդյունավետության խնդիրը, այն բանկերի, որոնք իրենց չափերով ի վիճակի չեն մրցակցել խոշոր բանկերի հետ: Անարդյունավետ ոչ մեծ բանկերը բախվել են հետևյալ պարադիգմային՝ ի՞նչ անել: Այդպես շարունակել՝ նշանակում է աշխատել վնասով, հետևաբար, կամ պետք է միավորվել, կամ վաճառվել: Մենք Ամերիաբանկում կարծում էինք, որ նման գործարքներն ավելի շուտ կսկսվեին, և պատրաստ էինք դրանց մասնակցել, մենք արդեն 3 տարի սպասում ենք, որ բանկային համակարգը գտնի կոնսոլիդացման ուղիները: Իսկ այժմ, երբ իրավիճակը տնտեսությունում բավականին բարդ է, ստիպված ես ակնկալել նաև NPL-ի (չաշխատող վարկերի) էական աճ:

Այն վաղուց արդեն ընթանում է, այլ բան է, որ վերջին 2-3 տարիներին ակտիվորեն աշխատել են այսպես կոչված «կարուսելները» կամ վարկերի զանգվածային վերաֆինանսավորումը:Բայց դա չի կարող հավերժ ընթանալ, դրա համար էլ բանկերը, ելնելով 2014 թվականի արդյունքներից, ձեռնամուխ եղան իրենց հաշվեկշիռների դուրսգրմանը և մաքրմանը, արդյունքում, նրանցից շատերը խրվեցին վնասների մեջ:

Այո, այդ գործընթացն ընթանում է, և բանկերի ղեկավարներն սկսում են լրջորեն մտածել, թե ո՞րն է ավելի ձեռնտու՝ փորձել միավորվել, վաճառել բանկը, թե՞ շարունակել վնասով աշխատել ու կորցնել բանկը: Կարծում եմ՝ անկախ կապիտալի գծով ՀՀ ԿԲ ընդունած որոշումներից, այդ գործընթացը վաղուց էր հասունացել: Այդ ճգնաժամը, հավատացեք, մաքրող է:

Հավանաբար ԿԲ այդ որոշումն ընդունեց այն պատճառով, որ գործընթացն առաջ չէր գնում, թույլ բանկերի բաժնետերերը չէին գնում միավորման կամ վաճառքի, իսկ ռիսկերը գնալով աճում էին: Դրա համար էլ ռեգուլյատորն ստիպված էր իր որոշմամբ խթանել այդ գործընթացը:

Միանշանակ: Մենք հասկանում ենք, որ ճգնաժամային պայմաններում այդպես երկար շարունակվել չէր կարող, երբ աճում էին NPL-ները, և արձանագրվում կապիտալի գծով բացասական ցուցանիշներ: Դա համար էլ ԿԲ բավականին կտրուկ որոշումը լիովին արդարացված էր, քանի որ հնարավոր չէ անտեսել արդյունավետության նվազման և NPL-ի աճի միտումները, եթե անգամ նման որոշումներն առաջին հայացքից խախտում են շուկայի ազատականացված կառուցվածքը: Եթե հասկանում ես, թե դա ինչի կարող էր հանգեցնել՝ որոշումը ճիշտ էր: Մինչև 2016 թվականի ավարտը մենք կունենանք բանկային այլ համակարգ: Կփոխվի բանկային շուկայի կառուցվածքը: Կարծում եմ, որ շուկայում կմնա 10-12 բանկ: Ընդ որում կընթանա նաև շուկայի սեգմենտավորում:

Այստեղ, կխնդրեի ավելի մանրամասն, որովհետև իմ կարծիքով այսօր երկրում «խորշային» կամ «նիշային» բանկերը տեղ չունեն: Չէ՞ որ մենք արդեն խոսեցինք ՓՄՁ ոլորտից...

Տեղ կա, ես դրանում վստահ եմ: Շուկան կլինի բարձր սեգմենտավորված: Կլինի երեք, առավելագույնը չորս խոշոր ունիվերսալ բանկ, մնացածներն ստիպված կլինեն փնտրել իրենց նիշաները: Հնարավոր է, որ իմ խոսքերում մի փոքր ցինիզմ կա, քանի որ ես հանդիսանում եմ այսօրվա դրությամբ ամենախոշոր բանկի ներկայացուցիչը և հավակնում, որ Ամերիաբանկը հայտնվի այդ ունիվերսալ խոշոր բանկերի խմբում: Ճիշտ է, նման դիրքորոշումը մի փոքր հավակնոտ է, բայց այն հիմնված է իրական ցուցանիշների վերլուծության վրա: Մենք բավականին լրջորեն ենք վերլուծում համակարգն ու նրա յուրաքանչյուր մասնակցին, փոփոխությունների դինամիկան, կանխատեսում յուրաքանչյուր բանկի վարքագիծը, հնարավոր զարգացումները: Դրանով էլ ես հիմնավորում եմ իմ տեսակետը:

Կարծում եմ, որ շատ բան կախված է հենց բաժնետերերից, մեր շուկայի զարգացման վերաբերյալ նրանց ռազմավարական տեսլականից:

Այո, բայց եթե չկա բավականաչափ գրավիչ ROE, ապա չի լինի նաև ներդրված կապիտալ: Կան տեխնոլոգիաներում կատարված ներդրումների լուրջ օրինակներ, բայց արդյունքը ցածր է, քանի որ ապահովված չի եղել մասշտաբի էֆեկտը: Տեխնոլոգիաներում կատարվող ներդրումներն արդարացված են միայն այն ժամանակ, երբ բանկերը բավականաչափ մեծ են: Դրա համար էլ այժմ կընթանա միավորման գործընթաց, որից հետո կսկսվեն տեխնոլոգիական զարգացման գործընթացները: Մենք դուրս ենք գալիս որակական նոր մակարդակ, երբ պետք է լուծվեն հեռակա բանկինգի, օպերացիոն համակարգերի, պրոցեսինգի, ինչպես նաև միջազգային քարտային համակարգերի հետ փոխհարաբերությունների հարցերը: Այս ամենը գնալով սկսում է ավելի մեծ դեր խաղալ: Անգամ մենք, լինելով խոշոր բանկ, ոչ միշտ ենք կարողանում մեզ թույլ տալ ներդրումներ կատարել տեխնոլոգիական նախագծերում:

Եկեք վերադառնանք նիշաներին: Առայժմ ես դրանք չեմ նկատում: Այսինքն, դրանք կան, բայց շատ ռիսկային են, նեղ ու բավարար չեն նիշային բանկերի համար:

Նիշաներ կան ցանկացած տնտեսությունում՝ որոշակի հատվածներ, որտեղ կարելի է կենտրոնանալ: Օրինակ, միկրովարկավորման շուկան՝ դա այն է, ինչն ընկած է վարկային կազմակերպությունների և ունիվերսալ բանկերի գործառույթների միջև:

Բայց համաձայնեք, որ այդ հատվածում, առողջ պահանջարկի բացակայության պայմաններում, հատկապես մասշտաբի էֆեկտն է շատ անհրաժեշտ: Կորուստները և NPL-ներն այստեղ շատ մեծ են, հատկապես տնտեսական լճացման պայմաններում: Իսկ տնտեսական աճի զրոյական կանխատեսումը փոքրիկ Հայաստանի համար, ես կասեի, ոչ թե լճացում է, այլ իսկական հետընթաց:

Այո, այստեղ էլ է անհրաժեշտ մասշտաբի էֆեկտը, քանի որ մասշտաբի հաշվին են միկրոֆինանսավորող բանկերն ի վիճակի լինում ծածկել իրենց վնասները: Այդ նիշայում կարող են հայտնվել վարկային կազմակերպությունները, որոնք կարող են հետագայում խոշորանալ: Չեմ զարմանա, եթե դրանցից մի քանիսն սկսեն միավորվել բանկերի հետ՝ կազմակերպելով նոր մասնագիտացված նիշաներ: Երկրորդ հատվածը սպառողական վարկավորումն է: Դա հատուկ հատված է՝ իր ռիսկերով ու տեխնոլոգիաներով, որը նույնպես մասշտաբ է պահանջում: Բայց դա նիշային հատված է: Կլինեն ընկերություններ, որոնք կզբաղվեն ներդրումներով՝ ներդրումային բանկերը: Այդպիսի դրական օրինակ մեր շուկայում արդեն կա: Միանշանակ է, որ մեր բանկային համակարգն իր կառուցվածքով կլինի ավելի բարդ: Բանկերի թիվն ավելի քիչ կլինի, բայց համակարգը կլինի ավելի բարդ: Բացի 3-4 «ամենակեր» բանկերից, որոնք շնորհիվ իրենց մասշտաբի կաշխատեն ամեն տեղ՝ բոլոր նիշաներում, մնացածը կդիրքավորվեն ու կմրցակցեն որոշակի հատվածներում: Չի բացառվում տարածաշրջանային մասնագիտացված բանկերի ի հայտ գալը: Արդյունքում, 2016 թվականի ընթացքում կմեկնարկի բանկերի կապիտալացման ակտիվ գործընթացը, և այդ տարվա վերջում մենք կունենանք արդյունավետության բոլորովին այլ ցուցանիշներ: 2018 թվականի համար ես կանխատեսում եմ, որ էապես կբարձրանա հետաքրքրությունը Հայաստանի բանկային համակարգում ներդրումներ կատարելու հանդեպ, ընդ որում՝ հենց արդյունավետության բարձրացման շնորհիվ, ինչը կբերի տնտեսության ֆինանսավորման նոր ցիկլի:

Արդեն կա փոքր բանկերի մի խումբ, որը կորցրել է իր մրցունակությունը՝ բանկինգի ոչ մի հատվածում չունենալով մրցակցային առավելություն: Կարելի՞ է արդյոք կանխատեսել այդ բանկերի առողջացման գործընթաց:

Չեմ կածում, որ գործը կհասնի դրան: Չկան գնելու համար ոչ պիտանի ակտիվներ, հարցը միայն գնի մեջ է: ԿԲ որոշումը բաժնետերերին կմղի՝ չձգձգել միավորման գործընթացները և այսօրվանից արդեն մտածել, որ միգուցե իմաստ ունի վաճառել իրենց ակտիվները նորմալ գներով:

Չնայած բանկային վերահսկողությունը մեզ մոտ բարձր մակարդակի վրա է, այնուամենայնիվ, բազմաթիվ կիսագրպանային բանկերի ակտիվների որակը բարելավման կարիք ունի, հետևաբար, որոշ խոշոր բանկեր խուսափում են ոչինչ չարժեցող ակտիվներ ձեռք բերելուց:

Համաձայն չեմ, չեմ կարծում, որ Հայաստանում կան բացասական գին ունեցող բանկեր: Մյուս կողմից՝ ի՞նչ է բացասական գինը: Դա կապիտալի՝ մեկից ցածր բազմապատկչով արտահայտված արժեքն է: Հետո ի՞նչ: Նորմալ է: Մենք ականատեսը կդառնանք կապիտալի՝ մեկից ցածր բազմապատկչով գործարքների: Տվյալ փուլում դա բոլորովին բնական է: Այսօրվա շուկան գնորդի շուկան է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: Այսօր ոչ թե վաճառողը, այլ գնորդն է թելադրում գները: Ասեմ ավելին, այն բաժնետերերը, որոնք կփորձեն հետաձգել վաճառքը, վաղը կարող են ստիպված լինել իրենց ակտիվները վաճառել ավելի ցածր գնով, քան նրանք, ովքեր այսօր կգնան այդ քայլին: Եվ բնական է, որ գները, որոնք մեզ՝ գնորդներիս համար ընդունելի էին 3 տարի առաջ, այսօր արդեն այդպիսին չեն: Որքան գնա, այնքան ավելի շատ առավելություններ կունենա գնորդը, քանի որ տեղի կունենա պորտֆելների, ընդհանուր վիճակի վատթարացում, և կնվազի հետաքրքրությունը, իսկ ժամկետները կսկսեն սեղմել: Դրա համար էլ չի բացառվում, որ այսօր բաժնետերերն իրենց ակտիվների վաճառքից կստանան ավելի քիչ, քան ակնկալում էին: Նրանք ստիպված կլինեն համաձայնել ավելի ցածր գների, բայց ցանկացած պարագայում ոչ ոք շուկան չի լքի կորուստներով: Եթե մակրոտնտեսական միջավայրը բարդանում է, աճում է անորոշության մակարդակը, աճում են նաև ռիսկերը, և այդ ամենն ազդում է բանկային ակտիվների գների վրա:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x