ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկի բաց առաջարկը Մանվել Տեր-Առաքելյանին

03.12.2014

Վերջին շրջանում Մանվել Տեր-Առաքելյանը հրապարակայնորեն հայտնել է, թե իբր պատրաստ է «ՈՂՋԱՄԻՏ ԳՆՈՎ ՎԱՃԱՌԵԼ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՎՃԱՐԵԼ ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ՊԱՐՏՔԸ», ինչը չի կարող չուրախացնել: Սակայն ռեստորանատերը զուգահեռ հանդես է գալիս այնպիսի անհեթեթ պնդումներով, թե իբր Յունիբանկը վերջին պահին դուրս է եկել սնանկության վարույթից՝ Բանկի կողմից չվերահսկվող աճուրդային գործընթացի միջոցով գրավի առարկայի վաճառքից խուսափելու համար:
Նախ, հարկ է նշել, որ Բանկը երբևէ դեմ չի եղել գրավի առարկայի իրացմանը բաց աճուրդով: Ճիշտ հակառակը, Յունիբանկի բոլոր գործողություններն ուղղված են եղել պարտքի հավաքագրմանը կամ գրավի առարկայի աճուրդով վաճառքին, իսկ աճուրդին դեմ է եղել հենց ինքը՝ Մանվել Տեր-Առաքելյանը: Բացահայտ սուտ են նաև տարբեր համաձայնագրերի ստորագրման, պարտավորությունների կատարումը չընդունելու և վեճի այլ հանգամանքների վերաբերյալ Մանվել Տեր-Առաքելյանի հորինվածքները:
Վեճի դեռևս ամենավաղ փուլում՝ 2011թ‑ի սեպտեմբեր ամսին, Յունիբանկի ներկայացուցիչը պաշտոնական գրությամբ դիմել է Մանվել Տեր-Առաքելյանին և համաձայնվել է Ընկերության կողմից պնդվող համաձայնագրերի մեկական օրինակը Բանկին ներկայացնելու և ըստ դրանց վճարումներ կատարելու դեպքում ղեկավարվել դրանցով: Նույն գրությամբ առաջարկվել է վճարային պարտավորությունների կատարման մի քանի եղանակ, որոնք բացառում են դրամական պարտավորությունների կատարման չընդունման հնարավորությունը: Միաժամանակ, գրության 7‑րդ կետով որպես այլընտրանք առաջարկվել է բառացիորեն հետևյալը.
«7. Վերջապես, հարկ ենք համարում նշել, որ եթե Ընկերությունն ի վիճակի չէ մարել իր վարկային պարտավորությունները բնականոն գործունեության արդյունքում, գտնում ենք, որ Ընկերության և գրավատու Մանվել Տեր‑Առաքելյանի շահերից է բխում նաև գրավի առարկայի շուտափույթ իրացումն արտադատական կարգով, այդ թվում հրապարակային սակարկությունների միջոցով՝ կողմերի միջև համաձայնեցված ողջամիտ պայմաններով և կարգով»:
Այդպիսով, Բանկը դեռևս 2011թ‑ին փաստացի համաձայնվել է ընդունել պարտավորու­թյունների կատարումն ընկերության համար նախընտրելի տարբերակով, ինչով, ըստ էության, սպառել է վեճը: Միաժամանակ, պարտավորությունների կատարման անհնարինության դեպքում Բանկը առաջարկել է համաձայնեցնել այնպիսի աճուրդի կարգ և պայմաններ, որոնք ընդունելի կլինեին Մանվել Տեր-Առաքելյանի համար: Ընդորում, Բանկը, ըստ օրենքի, պարտավոր չի եղել դա անել և իրավունք է ունեցել որոշել գրավի առարկայի բռնագանձման կարգն ինքնուրույն: Ավաղ, Բանկի առաջարկը մնացել է անարձագանք:
Մանվել Տեր-Առաքելյանի այլ հրապարակային ելույթներից ուշագրավ է նաև այն, որ նա գնահատում է իր ռեստորանի շենքի շուկայական արժեքը 23 մլն. դոլար, ինչը ներկայումս համարժեք է մոտ 10 մլրդ ՀՀ դրամի: Թողնելով առանց մեկնաբանության գրավի առարկայի արժեքի նման գնահատականը, վստահ ենք, որ գրավի առարկայի արժեքն ամբողջությամբ ծածկում է Բանկի նկատմամբ Ընկերության պարտավորությունները: Ուստի, ոչինչ չի խանգարում վաճառել գրավի առարկան աճուրդով և մարել պարտքը, առավել ևս, երբ գույքի շուկայական արժեքի որոշման ամենավստահելի մեխանիզմը՝ ողջամիտ մեկնարկային գնով և այլ պայմաններով կազմակերպված բաց հրապարակային սակարկությունն է:
Հաշվի առնելով գրավի առարկայի աճուրդով իրացնելու հարցում Մանվել Տեր-Առաքելյանի հայտնած պատրաստակամությունը, Բանկը բացառիկ առաջարկ է անում Մանվել Տեր-Առաքելյանին՝ հորդորելով վերջինիս չսպասել մինչև բոլոր դատական գործերի ավարտը, որի ընթացքում հաշվարկվելու են լրացուցիչ տոկոսներ ու տույժեր: Բանկն առաջարկում է շուտափույթ ձեռնամուխ լինել գրավի առարկայի իրացմանը ողջամիտ աճուրդային գործընթացով՝ հարկադիր աճուրդների համար օրենքով սահմանված պայմաններին համանման պայմաններով: Հիշեցնենք, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն գույքը հարկադիր աճուրդի է դրվում անկախ գնահատողի կողմից գնահատված շուկայական արժեքի 75%‑ի մեկնարկային գնով, որը յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո նվազեցվում է 10%‑ով, իսկ յուրաքանչյուր կրկնաճուրդն անցկացվում է ոչ ուշ, քան տասն օրը մեկ:
Ավելին, Բանկը համաձայն է սահմանել անգամ առավել բարենպաստ պայմաններ, քան նախատեսված են օրենքով հարկադիր աճուրդների համար, որոնցով ռեստորանի շենքը վաղ թե ուշ անխուսափելիորեն իրացվելու է ԴԱՀԿ ծառայության միջոցով: Մասնավորապես, Բանկը համաձայն է մեկնարկել աճուրդներն սկսած այնպիսի մեկնարկային գնից, որը հավասար կլինի Մանվել Տեր-Առաքելյանի կողմից մատնանշված գնին՝ 23 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 10 մլրդ ՀՀ դրամին, անգամ չնվազեցնելով այն 25%‑ով: Ընդորում, Բանկը պատրաստ է համաձայնվել, որպեսզի աճուրդային գործընթացը կազմակերպի վարկառուին սնանկության վարույթում սպասարկած փաստաբանական գրասենյակներից որևէ մեկը կամ փոխադարձաբար ընդունելի ցանկացած արհեստավարժ աճուրդավար, որպեսզի բացառվի Բանկի կողմից աճուրդի գործընթացը վերահսկելու որևէ կասկած:
Բացի այդ, Բանկն անգամ պատրաստ է, որ առաջին աճուրդն անցկացվի մեկամսյա ժամկետում, իսկ կրկնաճուրդները կազմակերպվեն երկշաբաթյա ժամկետներում՝ օրենքով նախատեսված տասնօրյա ժամկետի փոխարեն: Ավելին, Մանվել Տեր-Առաքելյանը հնարավորություն կունենա բանակցել աճուրդավարի վարձատրությունը և խնայել հարկադիր աճուրդների համար սահմանված 5%-ի ծախսը: Էլ ավելին, աճուրդի հաղթողի կողմից գույքը ձեռք չբերելու դեպքում, նախավճարը կարող է ամբողջությամբ ուղղվել Ընկերության պարտավորությունների կատարմանը, այլ ոչ թե ԴԱՀԿ ծառայությանը: Ընդորում, Բանկը համաձայն է աճուրդի արդյունքում ստացված միջոցներից պարտքի մարմանն անհապաղ ուղղել միայն անվիճարկելի գումարները (չմարված վարկերը և սովորական տոկոսները, որոնց վրա հաշվարկվում են տոկոսներ ու տույժեր), իսկ Ընկերությունից հայցվող տույժերի ու դատական ծախսերի գումարները (որոնց վրա տույժեր չեն հաշվարկվում) սառեցնել Բանկի դեպոզիտ հաշվին՝ մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ընդորում, Բանկն անգամ պատրաստ կլինի վճարել ցպահանջ դեպոզիտի տոկոսներ նման կերպով դեպոնացված դրամական միջոցների վրա կամ ինդեքսավորել դրանք ցանկացած արտարժույթով, ըստ Մանվել Տեր-Առաքելյանի նախապես արտահայտված ցանկության: Վերջապես, աճուրդի արդյունքում ստացված գումարի ցանկացած հնարավոր ավելցուկ անհապաղ կվերադարձվի Մանվել Տեր-Առաքելյանին՝ ի ազատ տնօրինություն:
Այժմ, հարց է առաջանում. էլ ի՞նչ ավելի լավ պայմաններ կարող է առաջարկել Բանկը գրավատու Մանվել Տեր‑Առաքելյանին՝ իր Ընկերության պարտքերը մարելու համար գրավի առարկայի աճուրդով իրացման այնպիսի կարգ սահմանելու համար, որը չի վերահսկվի Բանկի կողմից: Կարծում ենք, որ ցանկացած բանական մարդ կընդունի, որ ավելի լավ և ողջամիտ առաջարկ դժվար թե հնարավոր է կատարել: Այդուհանդերձ, կասկածում ենք, որ Մանվել Տեր-Առաքելյանը կընդունի Բանկի առաջարկը, քանի որ պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ կրկնաճուրդների մեկնարկային գինն անգամ երկու շաբաթը մեկ տասական տոկոսով նվազեցնելու դեպքում առավելագույնը վեց-յոթ ամսվա ընթացքում գույքը բարեհաջող կիրացվի շուկայականին մոտ գնով: Թերևս, դա չի մտնում վեճը երեք ու կես տարի ձգձգած և ևս երկու-երեք տարի ձգել սպառնացող Մանվել Տեր‑Առաքելյանի ծրագրերի մեջ: Ինչու՞ շտապել, եթե կարելի է հանգիստ սպասել ՀՀ դրամով արտահայտված պարտքի արժեզրկմանը: Հիշեցնենք, սակայն, որ գրավով ապահովված պարտատիրոջ կողմից մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելու դեպքում տոկոսների և տույժերի հաշվարկի կասեցում այլևս չի կիրառվում:
Ինչևէ, չառաջնորդվենք նախապաշարումներով և զինվենք համբերությամբ: Մի գուցե Մանվել Տեր‑Առաքելյանը, վերջապես, ինքն էլ կհանգի այն պարզ մտքին, որ վարկը մարելու անհնարինության դեպքում գրավի առարկայի շուտափույթ իրացումը բխում է բոլոր կողմերի լավագույն շահերից:
Հարկ է նշել, որ Բանկի կողմից ներկայացված սույն առաջարկը չի հանդիսանում օֆերտա, այլ հանդիսանում է գրավի առարկայի իրացման կարգը և բոլոր էական պայմանները յոթնօրյա ժամկետում կողմերի փաստաբանների միջոցով բանակցելու և գրավոր պայմանագրով ամրագրելու հրավեր: Վստահ ենք, որ այդ ժամկետը լրիվ բավարար է աճուրդի պայմանները և կարգը մանրամասն բանակցելու և համաձայնեցնելու համար, եթե Մանվել Տեր-Առաքելյանը եռօրյա ժամկետում հայտնի Բանկին գրավի առարկայի իրացման կարգը բանակցելու Բանկի առաջարկը ընդունելու մասին: Հակառակ պարագայում, եթե բարի կամքով դրդված Բանկի հերթական առաջարկը մնա կրկին անարձագանք, Մանվել Տեր‑Առաքելյանի շարժառիթների վերաբերյալ հետևություններ անելը կթողնենք հանրությանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x