ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Համաշխարհային տնտեսությունը բնորոշվել է մի շարք անսպասելի զարգացումներով, որոնք ...

05.11.2014

2014 թվականի առաջին կեսը մեկնարկել է լավատեսական սպասումներով, սակայն մի շարք գործոններ, այդ թվում` զարգացած երկրներում թույլ տնտեսական ակտիվությունը, զարգացող երկրներում աշխարհաքաղաքական ռիսկերը հանգեցրել են համաշխարհային տնտեսական աճի դանդաղմանը և անորոշությունների հետագա աճին:

Այնուամենայնիվ, միջազգային կազմակերպությունների և շուկաների մասնակիցների՝ տարվա երկրորդ կեսին առնչվող սպասումներն ու կանխատեսումները առավել լավատեսական են:

Համընդհանուր անկայունության գործոնները դեռևս պահպանվում են, և չնայած համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկերը նվազել են՝ ռիսկերի համախումբը շարունակում է օրակարգային մնալ:

2014 թ. առաջին կիսամյակին բնորոշ միտումներից են Եվրոգոտու տնտեսական ակտիվության վերականգնման պահպանումը (թեև ըստ առանձին երկրների՝ տարբեր տեմպերով), տնտեսական աճի դանդաղումը ԱՄՆ-ում և Ռուսաստանում, ազգային արժույթների արժեզրկման ճնշումները զարգացող երկրներում և հիմնական բորսայական ապրանքատեսակների գների ոչ էական տատանումները:

Չնայած առաջին կիսամյակում գրանցված թույլ ակտիվությանը՝ երկրորդ կիսամյակում մի շարք առանցքային երկրներում սպասվում է տնտեսության ավելի արագ վերականգնում: 2014 թ. համաշխարհային տնտեսության աճը ԱՄՀ-ն գնահատել է 3.4% (2013 թ. տնտեսական աճը` 3.0%): Զարգացած երկրներում ակնկալվում է նախորդ տարվա համեմատ 0.5 տոկոսային կետով բարձր տնտեսական աճ` 1.8%, իսկ զարգացող երկրներում մեծ փոփոխություն չի գրանցվի, և տնտեսական աճը կլինի 4.6%-ի սահմաններում:





2014 թ. առաջին կիսամյակում համաշխարհային տնտեսական աճին խոչընդոտել է ԱՄՆ տնտեսության՝ կանխատեսվածի համեմատ ցածր աճը: 2013 թ. երկրորդ կեսին գրանցված 3.2% աճը բավականին լավ հեռանկար էր ստեղծել 2014 թ. համար, սակայն ձմռան խիստ ցուրտ եղանակային պայմանների պատճառով լավատեսական սպասումները չիրականացան, իսկ ավելցուկային մեծածավալ պաշարները, արտահանման 7.6%-ով անկումը և արտադրության ծավալների նվազումը իրենց հերթին նպաստեցին տնտեսական աճի ցուցանիշի նվազմանը:

ԴՊՀ մեղմ դրամավարկային պայմանները, տնային տնտեսությունների եկամուտների աճը և բանկային համակարգի կողմից վարկավորման պայմանների դյուրինացումը կարող են նպաստել ԱՄՆ հետագա տնտեսական աճին: Գրանցված տնտեսական աճին զուգընթաց նվազել է գործազրկության մակարդակը և կազմել 6.3%, ինչը վերջին վեց տարիների նվազագույն մակարդակն է: Միևնույն ժամանակ, աշխատանքի շուկայից գնաճային ճնշումներ չեն դիտարկվել: ԱՄՆ-ում շարունակում է բարձր մնալ 6 ամիս և ավելի աշխատանք փնտրողների թիվը (3081 հազ. մարդ), ինչը վկայում է, որ աշխատանքի շուկայի բարելավումները դեռևս խորքային չեն: ԱՄՀ գնահատումների համաձայն` ԱՄՆ-ի տնտեսական աճը 2014 թ. կլինի 1.7%, իսկ 2015 թ. կհասնի 3.0%-ի:

Եվրոպական երկրներում զուտ արտահանման աճը, ներքին պահանջարկի կայունացումը և հարկաբյուջետային պայմանների մեղմացումը նպաստել են տնտեսության վերականգնմանը: Դրական փոփոխություններ են արձանագրվել նաև Եվրոմիության ծայրամասային երկրների, այդ թվում` Հունաստանի, Իսպանիայի պարտքային ռիսկերի կառավարման մասով, ինչը դրական է անդրադարձել այդ երկրների պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա:

Չնայած վերոնշյալ դրական զարգացումներին` տնտեսական աճը խոչընդոտող մի շարք գործոններ՝ վարկավորման պահանջարկի ցածր մակարդակը, բյուջետային և պարտքային հիմնախնդիրները, ձեռնարկությունների ծանր պարտքի բեռը շարունակում են իրենց բացասական ազդեցությունն ունենալ մակրոտնտեսական կայունության վրա: Եվրոգոտում 2014 թ. կանխատեսվում է 1.1% տնտեսական աճ, իսկ 2015 թ.` 1.5%:

Տնտեսական վերականգնմանը զուգընթաց Եվրոմիությունում ձևավորվել է թույլ գնաճային միջավայր: Տնտեսական աճի շարունակական դանդաղումը կարող է հանգեցնել գնանկումային սպասումների, որն էլ միջնաժամկետում կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսական աճի վրա: Եվրոպական հանձնաժողովը 2014 թ. համար կանխատեսում է 0.8% գնաճ` նախկին 1.0%-ի փոխարեն, իսկ 2015 թ. համար` 1.2%` նախկին 1.5%-ի փոխարեն:

Զարգացող երկրներում, որոնք ապահովում են համաշխարհային տնտեսական աճի 2/3-րդը, 2014 թ. առաջին կիսամյակում տնտեսական աճը դանդաղել է: Զարգացող երկրների ներկայիս տնտեսական վիճակը պայմանավորված է մի կողմից արտահանման աճով` արժույթների արժեզրկման և զարգացած երկրներում տնտեսական ակտիվության միտումների ներքո, մյուս կողմից՝ ցածր ներդրումներով, երկարաժամկետ ֆինանսավորման դժվարություններով: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ մի շարք զարգացող երկրներ վարել են կոշտ դրամավարկային քաղաքականություն, ինչը, սակայն, հանգեցրել է ներքին պահանջարկի նվազմանը: Որոշ զարգացող երկրներում ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից կարևոր խնդիր է նաև տնտեսությանը տրամադրված վարկերի կտրուկ աճը: Մասնավորապես՝ Չինաստանում վերջին տարիներին գրանցված վարկավորման բարձր աճը հետագայում կարող է երկրի ներսում խորացնել մակրոտնտեսական անհավասարակշռությունները, ինչն էլ կարող է անդրադառնալ համաշխարհային տնտեսական զարգացումների վրա: Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները` ԱՄՀ-ն 2014 թ. տնտեսական աճը զարգացող երկրներում գնահատել է 4.6%, իսկ 2015 թ. համար կանխատեսել է 5.2%:

Համաշխարհային տնտեսությունում, ակտիվության ներկայիս մակարդակի պայմաններում, ձևավորվել է ցածր գնաճային միջավայր, որից ելնելով` ԱՄՀ-ն 2014 թ. գնաճը զարգացած երկրներում գնահատել է 1.5%, իսկ զարգացող երկրներում` 5.5%: Ընդ որում` գալիք տարում ևս գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x