ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ Նախագահն այցելել է Կենտրոնական բանկ

05.04.2014

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կենտրոնական բանկ: Նախագահը շրջել է գլխավոր դրամատան մի քանի ստորաբաժանումներում, մասնավորապես, վերստուգիչ խմբում,  կանխիկ դրամով գործառնությունների ու ֆինանսական վարչություններում: Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչը Հանրապետության Նախագահին է ներկայացրել կառույցի ներքին աուդիտի իրականացման մոտեցումները, այդ թվում՝ աշխատանքների ավտոմատացման համար օգտագործվող տեխնոլոգիական լուծումները։

Կանխիկ դրամով գործառնությունների վարչությունում Նախագահը ծանոթացել է կանխիկ դրամի ավտոմատ վերահաշվարկի գործընթացին, որն իրականացվում է թղթադրամները մշակող ժամանակակից և արագագործ սարքավորումներով: Կենտրոնական բանկում օգտագործվող սարքավորումների շնորհիվ, թղթադրամների մշակման ամբողջ գործընթացում մարդկային գործոնը հասցվել է նվազագույնի, և ավտոմատացման հետևանքով էապես կրճատվել են գործառնական ռիսկերը: Օգտագործվող համակարգերը ավտոմատ հաշվում ու առանձնացնում են կեղծ և անվճարունակ թղթադրամները, իսկ պիտանի թղթադրամները՝ փաթեթավորում: Սարքը հնամաշ թղթադրամները տեղում մանրատելով ոչնչացնում է:

Ֆինանսական վարչությունում Նախագահ Սարգսյանին են ներկայացվել միջազգային ֆինանսական շուկաներում ներկա իրավիճակը, ՀՀ միջազգային պահուստների կառավարման հիմնական ուղղությունները, ինչպես նաև քննարկվել է ֆինանսական շուկաներում ՀՀ կողմից տեղաբաշխված եվրոպարտատոմսի դինամիկան և ներդրողների վարքագիծը:

Շրջայցից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար անձնակազմի հետ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ կենտրոնական բանկի տեղակալ Ներսես Երիցյանը ու մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ ներկայացրել են Կենտրոնական բանկի գործունեության հիմնական ուղղությունները, վերջին տարիների ձեռքբերումները,  բանկի նախաձեռնած բարեփոխումները, ինչպես նաեւ բանկային համակարգի առջեւ ծառացած խնդիրները ու դրանց լուծման ուղիները: 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն  ամփոփել է բանկային ոլորտում վերջին տարիների իրականացրած աշխատանքները ու ձեռքբերումները, նախանշել ԿԲ ռազմավարական զարգացման հիմնական ուղղությունները, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման միջոցները:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի մեկամյա գործունեության արդյունքները, Կենտրոնական բանկում իրականացվող հետազոտական աշխատանքները, գիտական ներուժի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը անդրադարձել է  գնաճի կառավարման հիմնախնդիրներին և վերջին տարիների ընթացքում դրամավարկային քաղաքականության գործողություններին: Նա ներկայացրել է նաեւ ԿԲ ինստիտուցիոնալ կարողությունները, նշել դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացման մարտահրավերները:

Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացումները վերջին 5 տարիների ընթացքում, առկա իրավիճակը և զարգացման հեռանկարները: Անդրադառնալով ֆինանսական համակարգի զարգացումներին, նա նշել է, որ այդ ընթացքում եռակի աճել են ֆինանսական համակարգի վարկերը, ավանդները, ակտիվները և այլ հիմնական հաշվեկշռային ցուցանիշները՝ փաստելով ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացման մասին: Ֆինանսական կայունության առումով վճարունակության գնահատման խիստ սթրեսային թեսթերի արդյունքների համաձայն՝ ՀՀ ֆինանսական համակարգը դիմակայուն է տարբեր շոկերին: Ապագա զարգացումներից Անդրանիկ Գրիգորյանն առանձնացրել է Բազել III ստանդարտի ներդրումը, որը կնպաստի ֆինանսական կայունության ամրապնդմանը:  

Վիճակագրության վարչության պետ Մարտին Գալստյանը ներկայացրել է կենտրոնական բանկի վիճակագրական աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ 2003թ. Հայաստանի վիճակագրական համակարգն ինտեգրվել է ԱՄՀ  տվյալների տարածման և որակի ապահովման ամենաառաջադեմ և խստապահանջ ՏՏՀՉ (SDDS) համակարգին, իսկ 2008 թ-ին ԱՄՀ-ի վիճակագրական առաքելության կողմից կենտրոնական բանկի վիճակագրությունն արժանացել է ամենաբարձր գնահատականի: Առաջիկայում ԿԲ վիճակագրական աշխատանքները զարգանալու են երկու հիմնական ուղղություններով՝ հարցումների ընդգրկունության խորացում և միկրո տվյալների տեղեկատվական բանկի ստեղծում:

ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Նահապետյանն անդրադարձել է Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարական խնդրի ներքո կառավարման որակի եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված, անձնակազմի զարգացման եւ միջազգային համագործակցության ոլորտներում իրականացվող քայլերին եւ գրանցված ձեռքբերումներին:

Խորհրդակցության ավարտին Կենտրոնական բանկի մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. Դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծության և կանխատեսումների բաժնի պետ Նարեկ Ղազարյանը, Վերստուգիչ խմբի ֆինանսական աուդիտի բաժնի պետ Մարիաննա Ամիրբեկյանը, Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության ֆինանսական համակարգի վերլուծությունների բաժնի պետ Արտակ Ասատրյանը, Ֆինանսական դիտարկումների կենտրոնի իրավական ապահովման բաժնի իրավաբան-խորհրդատու Հասմիկ Մուսիկյանը և Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի մեթոդաբան Լիլիթ Մանվելյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x