ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Զբաղվածության ծրագրեր. անցյալը, ներկան և ապագան

02.10.2013

Մեր երկրում գործազուրկների ընդհանուր թիվը 2008-2010թթ. ավելացել է 20.1%-ով, իսկ հաջորդ երկու տարիներին 2010թ. համեմատ նվազել է 11.7%-ով, սակայն 2012թ. ցուցանիշը շարունակում է բարձր մնալ 2008թ. համեմատ` 6,2%-ով: Այս տվյալները ՀՀ կառավարության արտահերթ նիստում հրապարակեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը` գործադիրի քննարկմանը ներկայացնելով զբաղվածության կարգավորման 2014թ. պետական ծրագիրը (2014թ. պետբյուջեի նախագծի համապատկերում):

Ոլորտի ընդհանուր պատկերի համաձայն, տղամարդկանց շրջանում գործազուրկների թիվը 2008-2010թթ. աճել է 22.1%-ով, իսկ հաջորդ երկու տարում նվազել է մոտ 10%-ով, իսկ կին գործազուրկների թիվը 2008-2010թթ. աճել է 18.3%-ով և միայն վերջին 2 տարում գրանցվել է նվազման միտում` մոտ 13.5%-ով (2010թ. նկատմամբ): Գործազուրկների շրջանում առավել մեծ տեսակարար կշիռ են կազմում մասնագիտություն չունեցողները, որոնց թիվը նշված ժամանակահատվածի առաջին երեք տարիներին աճել է 20.5%-ով, իսկ վերջին տարում նվազել է 11.9%-ով (2010թ. համեմատ), սակայն շարունակում է գերազանցել 2008թ. ցուցանիշը 6.2%-ով:

Մտահոգիչ է նաև այն, որ 4 տարիների ընթացքում գործազուրկների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների տեսակարար կշիռը շարունակաբար աճել է` տարեկան միջինը 11%-ով և 2011թ. բացարձակ արժեքով բարձրագույն կրթություն ունեցող գործազուրկները զիջում են միայն կրթություն չունեցողներին: Գործազուրկների շրջանում առավել մեծ թիվ է կազմում 31-45 տարիքային խումբը, որը թեկուզ նշված 4 տարիներին անընդհատ նվազել է միջինը տարեկան 9.6%-ով, շարունակում է մեծաթիվ մնալ մյուս տարիքային խմբերից:

2009-2012թթ. գործազրկության մակարդակն աճի միտում է դրսևորել Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում միջինը 1.6 տոկոսային կետով: Գործազրկության մակարդակի աճի առավել մեծ դինամիկա է գրանցվել Սյունիքի մարզում` 2.3 տոկոսային կետով, իսկ ամենամեծ կրճատման դինամիկան գրանցվել է Վայոց ձորի մարզում` 8.3 տոկոսային կետով:

Բացարձակ արժեքով ամենաբարձր գործազրկության մակարդակը շարունակում է մնալ Երևանում (չնայած վերջին տարիներին գործազրկության մակարդակի 3.9% կրճատմանը), ինչպես նաև Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերում, որտեղ գործազրկության մակարդակի աճի տեմպերը վերջին տարիներին կազմել են, համապատասխանաբար, 2%, 1.9% 7 0.8%: Ըստ այս ցուցանիշի, վիճակն առավել բարենպաստ է Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում, որտեղ գործազրկության մակարդակը մշտապես դրսևորում է կրճատման միտում (միջինը` 2.3%-ով):

2013թ. հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվել են 11571 աշխատանք փնտրող անձինք` աշխատանք փնտրողների 16.7%-ով: Սակայն ծրագրերը պլանավորվել են 17727 անձանց համար:

Փաստացի և պլանավորված ընդգրկման ցուցանիշների տարբերությունը հիմնականում պայմանավորված է նպաստառու գործազուրկների ամսական միջին թվի նվազմամբ` 6095-ով:

Զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկված անձանց թիվը 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 1013 (պլանավորվածի նկատմամբ` 96.7%): 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ`

1) աշխատանքի են տեղավորվել գործակալությունում հաշվառված`
ա. 5956 աշխատանք փնտրողներ,
բ. երիտասարդների 8.3%-ը,
գ. աշխատաշուկայում անմրցունակ անձանց 4.1%-ը,

2) գործակալությունը համագործակցել է 10973 գործատուների հետ, իսկ գործատուներից ստացված և հավաքագրված թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 6737:

Ըստ Ա. Ասատրյանի, 2014թ. զբաղվածության պետական կարգավորման ոլորտի համար առանձնացվում են հետևյալ հիմնախնդիրները.

1. Հայաստանի աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի քրոնիկ անհամապատասխանությունը, առանձին մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի լրացման խոչընդոտները, գործազրկության բարձր մակարդակը:

2. Աշխատաշուկայի տարածքային անհամամասնություններով պայմանավորված` առանձին տարածաշրջաններում գործազրկության մակարդակների էական տարբերությունների առկայությունը, գյուղական համայնքներում բնակչության թերզբաղվածությունը, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական զբաղվածության ցածր մակարդակը:

Պետությունը զբաղվածության խնդիրը կփորձի լուծել նաև գործազուրկներին ամենամյա և փորձարկվող ծրագրերում ներառելով:

Գործող ծրագրերի մասով. օրինակ, գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում կտա:

Սրա նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է: Մեկ կամ երկու տարի ժամկետով աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար գործատուին կտրվի փոխհատուցում` գործատուի կողմից սահմանված աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

Ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 30%-ը պետք է լինեն գործազուրկներ, իսկ 50%-ը` հաշմանդամություն ունեցող անձինք: Կամ` մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող անձանց համար աշխատանքային պրակտիկա կկազմակերպի:

Սրա նպատակը մասնագիտություն ունեցող, սակայն մասնագիտական աշխատանքային փորձ չունեցողին` իր մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և աշխատանքի տեղավորվելու աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է:

Աշխատանքային պրակտիկայի ամբողջ ժամանակահատվածում պետբյուջեի միջոցներից պրակտիկան անցկացնող անձին վճարվում է նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20%-ի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, իսկ գործատուին տրամադրվում է գումար` պրակտիկանտի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը փոխհատուցելու համար:

Այս ծրագրի տևողությունը 3 ամիս է: Կամ` աջակցության մեկ այլ ձև էլ կա` այլ վայրում աշխատանքի տեղավորելը: Սրա նպատակն էլ աշխատուժի ներքին տեղաշարժի կարգավորման միջոցով մարզերում չլրացվող թափուր աշխատատեղերի լրացումն ու կայուն զբաղվածության ապահովումն է:

Շահառուներն են գործազուրկները և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձինք: Շահառուներին կփոխհատուցվեն հետևյալ ծախսերը.

1. Շահառուի և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսը,

2. Շահառուի և ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսը,

3. Մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախսը,

4. Միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով,

5. 30 կմ-ից ավելի հեռավորությամբ այլ վայր աշխատանքի մեկնելու դեպքում` շահառուների և նրանց ընտանիքների անդամների օրապահիկը,

6. ամսական գումար բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար,

7. Աշխատավարձի հավելում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ից մինչև կրկնապատիկի չափով` հաշվի առնելով թափուր աշխատատեղերի` ըստ մասնագիտությունների (բժիշկներ, ուսուցիչներ) լրացման առաջնահերթությունները:

Ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվածների առնվազն 90%-ը պետք է լինեն գործազուրկներ, 10%-ը` հաշմանդամություն ունեցող անձինք:

Փորձարկվող ծրագրերի մասով. դրանցից մեկի նպատակն, օրինակ, ժամանակավոր զբաղվածության միջոցով առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածությունը մեղմելն է:

Գյուղատնտեսական աշխատանքներում, որպես վարձու ժամանակավոր աշխատողներ, կարող են առաջնահերթության կարգով ներգրավվել նաև անապահովության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների անդամները, ուսանողները` ամառային արձակուրդների ընթացքում, աշխատանք փնտրող այլ անձինք:

Սպասվելիք արդյունքը շուրջ 2100 հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող համարվող անձանց ժամանակավոր զբաղվածության խնդիրը լուծելն է:

Զբաղվածության հաջորդ տարվա ծրագրի իրագործումից ակնկալվում է`

1. Աշխատաշուկայի պետական կարգավորման ծրագրերում ներառվող անձանց թվաքանակի աճ առնվազն 5%-ով` նախորդ տարվա համեմատ,

2. Գործազրկության նպաստի իրավունք ձեռք բերած գործազուրկների թվաքանակի կրճատում` առնվազն 10 տոկոսային կետով` նախորդ տարվա համեմատ,

3. Կայուն զբաղվածության գործակցի ապահովում 21.3%, կամ, որ նույնն է` 1600 անձի կայուն զբաղվածության ապահովում,

4. Գործատուներից ստացված և հավաքագրված չկրկնվող թափուր աշխատատեղերի թվի աճի առնվազն 10%-ով` նախորդ տարվա համեմատ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x